Genesis ռոք խմբի անդամներ՝ Թոնի Բենքսը, Ֆիլ Քոլինզը և Մայք Ռեզերֆորդը, BBC Radio 2 ռադիոկայանի եթերում հայտարարել են ռոք խմբի վերամիավորման և համերգային շրջագայության մասին: Երաժիշտները համերգներով հանդես կգան Բրիտանիայում և Իռլանդիայում: Վերջին անգամ խումբը միասին ելույթ է ունեցել 13 տարի առաջ:
«Սա բնական իրավիճակ է՝ կարծում եմ: Մենք լավ ընկերներ ենք, բոլորս ողջ-առողջ ենք և ահա մենք այստեղ ենք»,- ասել է Բենքսը, հաղորդում է BBC-ն:
Համերգներին կմասնակցի նաև Ֆիլ Քոլինզի 18-ամյա որդին՝ Նիկոլասը: Նա կզբաղեցնի հոր տեղը հարվածային գործիքների մոտ: Համերգներին չի մասնակցի խմբի հիմնադիր Պիտեր Գեբրիելը, որը հեռացել է Genesis-ից 1975-ին: Կիթառահար Սթիվ Հենքսը նույնպես չի մասնակցի նախագծին:
Համերգային շրջագայությունը կկոչվի «Վերջին դոմինո»: Այն կմեկնարկի Դուբլինից՝ նոյեմբերի 16-ի համերգով:
Genesis-ը ստեղծվել է 1967 թվականին, պատկանում է պրոգրեսիվ ռոք ուղղությանը։ Խումբն արժանացել է Գրեմմի մրցանակի։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 150 մլն ալբոմ (որոնցից մոտ 22 միլիոնը՝ ԱՄՆ-ում), և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների թոփ երեսնյակի մեջ: Առավել հայտնի են՝ Պիտեր Գեբրիելը և Ֆիլ Քոլինզը, որոնք հետագայում հանդես են եկել որպես մենակատարներ: