Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ Վրաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել և տեղեկացել է, որ վրացի երեք հիվանդները, որոնց կորոնավիրուս էր ախտորոշվել, իրենց լավ են զգում, և նոր դեպքեր հարևան երկրում չկան:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են, և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ:
Ես նույնպես ներկայացրի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները: Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում՝ մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե' նախարարների և թե' երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ:
Հ.Գ.- մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»,- գրել է առողջապահության նախարարը: