Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը նորից հրաժարական է տվել, և «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այն ընդունել է: Միաժամանակ խմբակցությունը համաձայնվել է վարչապետի պաշտոնում Դենիս Շմիգալի նշանակմանը, որն այժմ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը: Շմիգալի թեկնածությունն առաջադրել է նախագահ Զելենսկին և այն այսօր քննարկվելու է Գերագույն ռադայում:
Գոնչարուկն առաջին հրաժարականը ներկայացրեց հունվարի կեսերին, բայց նախագահ Զելենսկին այն չընդունեց: Դա տեղի ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների «գաղտնալսման» հետ կապված սկանդալից հետո:
Նոր կառավարությունում դարձյալ սպասվում են փոփոխություններ, սակայն, ըստ տեղեկությունների, ներքին գործերի, արդարադատության և թվայնացման նախարարությունների ղեկավարները կպահպանեն պաշտոնները: