Ազգային ժողովում քննարկվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագծի փաթեթը ծավալուն է՝ կան կետեր, որոնց կողմ են, կան կետեր, որոնց կողմ չեն: Մարուքյանն ընդգծեց, որ նախագիծը կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է:
«Օրինակ՝ աշխատանքային կարգի խախտման համար կարելի է դատավորին կարգապահական վարույթի մեջ ներառել, օրինակ՝ երբ գործից ուշացել է, և ընկնել դատավորի հետևից, բայց երբ դատավորը մինչև գիշերվա 12-ը դատավճիռ է գրում, դա նորմա՞լ է»,- ասաց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ ստուգելու է նրանց հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: «Ապագա թեկնածուներին էլ նայելու են, թե ի՞նչն են հայտարարագրել, բայց ո՞րն է դրա բարեվարքության ստուգումը: Բարեվարքությունը՝ խոսքը վեթինգի մասին է՝ 240-250 դատավորի նկատմամբ»,- ընդգծեց Մարուքյանը: