Օրինագծի ընդունմամբ ակնկալում ենք կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նախարարը ներկայացրեց, որ նախատեսված իրավական մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: «Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել՝ պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներով: Ներմուծվում է նաև չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմը»,- ընդգծեց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում որդեգրել միջազգային կառույցների՝ խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները:
«Նախատեսվում է գործընթաց, որն ունի իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն: Հօգուտ պետության կբռնագանձվի օրենքով չհիմնավորվող հարստություն: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում»,- ասաց Բադասյանը: