Երևանում պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցության ամենախոշոր՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում և իրականացվում՝ Ավստրիայի զարգացման գործակալության և մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որը մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը համապատասխանում է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության հաստատած ռազմավարությանը, որն ունի ընդհանուր տեսլական` մշակել գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող մրցունակ գյուղատնտեսություն, որը կբերի հավելյալ արժեք և նորարարություն, կընդլայնի Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակությունը և կխթանի տնտեսական աճը»:
Փոխնախարարի խոսքով` գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես: «Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի ստեղծենք կայուն միջավայր նոր գյուղատնտեսական բիզնեսների բարգավաճման համար, որպեսզի վերջիններս դառնան նաև այն քարշակ ուժը, որը բիզնեսը կտանի այս ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Արման Խոջոյանը հավելել է, որ մեկնարկող ծրագրի բաղադրիչներից է օրգանական գյուղատնտեսության զարգացումը, որը չունի մարզային սահմանափակում:
«Մենք ուրախ ենք օժանդակելու Հայաստանում կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրին: Այն հաստատում է Եվրոպական միության՝ ավելի քան հինգ տարվա նվիրվածությունը՝ օժանդակելու Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: Դրա ապավենն են նախկին ENPARD (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիր) և ՕԳԱՆ (Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն) ծրագրերը, որտեղ մենք նույնպես շատ հաջող համագործակցություն ենք ունեցել Ավստրիական զարգացման գործակալության հետ: EU-GAIA ծրագիրը համահունչ է մեր ընդհանուր նպատակին՝ նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով»,- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Ավստրիան հաջողված պատմություն է ունեցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում: Նախկին ՕԳԱՆ ծրագրի միջոցով ավելի քան 45 ֆերմեր և արտադրող կարողացան ավելացնել եկամուտները արտադրական հզորությունների բարելավման և շուկաների հասանելիության շնորհիվ: Այժմ մենք շարունակում ենք Եվրոպական միության մեծ օգնությամբ աջակցել հայ ֆերմերներին կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Մենք ձգտում ենք ապահովել բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Մենք նաև խիստ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսության մեջ ներառական մոտեցման ապահովմանը, ինչը նշանակում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի խոցելի խմբերին, այդ թվում նաև կանանց»,- նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի նպատակն է աջակցել կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Շիրակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 միլիոն եվրո: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար:
Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Ծրագրի շրջանակում կստեղծվեն ցուցադրական տարածքներ՝ ժամանակակից ենթակառուցվածքներից և կանաչ տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով: Տրամադրված սարքավորումների և ծառայությունների շնորհիվ ընտրված գյուղատնտեսական արտադրողներն ու ագրոբիզնեսները կլինեն ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկաներում: