ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ապահովել քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, բոլոր ընտրական տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմով, հատուկ ստեղծված կայք(եր)ի միջոցով:
«Այսօր ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ:
Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասից (Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ձևավորված բոլոր տեղամասերից)»,- գրել է Մարուքյանը: