Հայաստանում կձևավորվի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, իսկ սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմինը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այս փոփոխությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, որն այսօր 112 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովը:
Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս ձևավորելու ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, որի տարածքային մարմինները տեղակայվելու են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում:
Միասնական գրասենյակը միավորելու է սոցիալական աջակցության, զբաղվածության և բժշկասոցիալական փորձաքննության մարմինները, ապահովելու է կազմակերպչական, աշխատանքների իրակականցման տնտեսական հիմքերը, սոցիալական աշխատող-շահառու կապի, շփումների, համատեղ աշխատանքի հնարավորությունները: Այսպիսով կերաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:
Ներկայացված օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը: Որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին նշվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նախատեսված բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ ապահովվել է սոցիալական աշխատողների կողմից կատարվող տունայցերի ֆինանսավորումը և դյուրակիր համակարգչային տեխնիկայի (պլանշետ) տրամադրումը, որն ապահովելու է տվյալների հավաքագրում իրական ժամանակի ռեժիմով, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային կապի միջոցով: