Singapore tatler ամսագրի՝ Հայաստանի մասին պատմող հոդվածում նշվում է, որ Հայաստանը լեռների, վանքերի և առեղծվածային վայրերի երկիր է: Ամսագրում նշվում է, որ Հայաստանը պարտադիր այցելելու երկրներից է:
Հոդվածագիրը նշում է, որ համեմատաբար քիչ բացահայտված այս տարածաշրջանն առաջարկում է արևելքի և արևմուտքի բացառիկ ուտեստներ:
«Հարուստ պատմություն, շքեղ տեսարժան վայրեր, նոր խոհանոց և մեծ թվով արկածներ, և այդ ամենը՝ առանց զբոսաշրջային մեծ հոսքի»:
Հեղինակը հիշեցնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 2019 թվականին եկել էր կնքելու իր երեխաներին և ավելի լավ ճանաչելու հայկական ժառանգությունը:
Հոդվածագիրը նաև նշում է, որ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է, իսկ Հանրապետության հրապարակը, Կասկադը, Վերնիսաժը և այլ տեսարժան վայրեր անտարբեր չեն թողնի զբոսաշրջիկներին:
Հոդվածում առանձին անդրադարձ կա նաև հայկական խոհանոցին. ներկայացվել է լավաշը, տնական պատրաստված պանիրը, օրգանական բանջարեղենից պատրաստված աղցաններ, և խորհուրդ է տրվում այդ ամենը վայելել մաքուր հայկական ջրով, որը հոսում է հենց լեռներից:
«Եվ որպեսզի իրապես զգաք Հայաստանի պատմության խորությունը, անհրաժեշտ է քաղաքից դուրս գալ՝ տեսնելու հնագույն եկեղեցիները, վանքերը, որոնք ցրված են երկրի ամբողջ տարածքով: Երևանից 40 կմ հեռու է Գառնին՝ երկրում առկա միակ հեթանոսական տաճարը, որը տպավորիչ լեռնաշղթային ֆոնին է»: