Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և քննարկել որոշ հարցեր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե Հայաստանի արտաքին գերատեչությունը տեղյա՞կ է եղել, որ նման հանդիպում լինելու է, և թե ի՞նչ են քննարկել:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որում ներառված են նաև ԵԱՀԿ անդամ պետությունների հետ հանդիպումները: «Արտառոց որևէ բան չկա, Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց գործառույթը: Սա առաջին հանդիպումը չէ»,- ասաց ԱԳՆ նախարարը:
Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի մեկնաբանությանը ԱԳՆ-ն արձագանքել է և հանդես եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությունը, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ուղիղ դերակատարում ունենալ»: