Գերլարված իրավիճակ է հույն-թուրքական սահմանին: Հունաստանի ոստիկանության և բանակի ստորաբաժանումներ են տեղակայված Էվրոս շրջանի անցակետում, որտեղից անօրինական փախստականները փորձում են թափանցել Հունաստան: Չորեքշաբթի առավոտյան սահմանի մոտ նոր բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Հունաստանի տարածք ներխուժելու փորձ անող փախստականների նկատմամբ, արդեն կա զոհ:
Նոր բախումները հետևել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միիցոտակիսի և Եվրամիության ղեկավարության՝ սահման այցին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Հունաստանի սահմանները ոչ միայն հունական են, այլև եվրոպական, և Եվրամիությունը ուժեր կուղարկի՝ օգնելու Հունաստանին սահմանները պաշտպանելու հարցում:
ԵՄ-ում շատերը կարծում են, որ Թուրքիան միտումնավոր է թույլ տալիս, որ փախստականները հասնեն Եվրամիության հետ սահմանին, որպեսզի ճնշում գործադրի և ավելի մեծ աջակցություն ստանա Սիրիայում իր գործողությունների համար: