Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին:
Նախարարը շնորհավորել է Վիկտորինին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին:
Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ` հավելելով, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրից արագ տրամադրումը ճիշտ քայլ էր: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման աշխատանքներին:
«Առողջապահության նախարարության և կառավարության կողմից ձեռնարկված թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու այս ուղղությամբ:
Քննարկվել են նաև էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության ընթացիկ աշխատանքները և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր:
Արսեն Թորոսյանն առողջ ապրելակերպի համատեքստում ցանկություն է հայտնել համագործակցության օրակարգում ունենալ նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու դրանց նկատմամբ հսկողությունը:
ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը կարևորել է աջակցությունը` ուղղված սոցիալական ոլորտի բարեփոխումներին:
«Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը Հայաստանին: Հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի», - եզրափակել է Արսեն Թորոսյանը: