Ռազմական հաջողությունները Սիրիայի Իդլիբի շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանին չեն ազատում նրան ուղղված քննադատություններից հենց իր երկրի ներսում: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը խիստ քննադատել է Էրդողանի վարչակազմի ձեռնարկած ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում։
Կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, դատապարտելով Անկարայի ռազմաքաղաքական գործողությունները Սիրիայում, հայտարարել է, որ Էրդողանը թուրքական բանակի զինվորներին պարզապես մահվան է ուղարկում։ Ըստ ermenihaber-ի՝ ընդդիմադիր գործիչը հարցրել է Էրդողանին. «Ուզում եմ հարցնել՝ Աթաթուրքը պալատում նստա՞ծ էր, երբ թուրք զինվորներին հրամայում էր մեռնել։ Հա՞։ Մինչդեռ դուք պալատներում բազմած թեյ եք խմում, իսկ Սիրիայում մեր զոհերի մասին հեռախոսով եք իմանում»։
Վախենալով հավանական բողոքի ալիքից՝ իշխանությունները այն կանխելու միջոցառումներ է ձեռնարկում: Ստամբուլի նահանգապետը մարտի 1-10-ը արգելել է բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ կքննադատեն Թուրքիայի բանակի գործողությունները Սիրիայում: