Դատական օրենսգրքի այս փաթեթը հնարավորություն է տալիս արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում՝ միաժամանակ չխախտելով, չխաթարելով դատական իշխանության անկախությունը: Այդ մասին ԱԺ-ում, Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկմանը, եզրափակիչ ելույթում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա հակադարձեց Տարոն Սիմոնյանին՝ վստահեցնելով, որ այս նախագծով ամենևին չի ստեղծվում կախյալ դատական համակարգ՝ հորդորելով այդ կարծիքն ունեցող պատգամավորներին առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել «ավելի կոշտ», դատական համակարգը «մաքրող» առաջարկներ, որոնք կընդունվեն միայն մեկ պայմանով՝ դրանք չպետք է լինեն Սահմանադրությանը հակասող:
«Պարոն Սիմոնյան, ասում եք՝ պահը բաց եք թողել: Լավ: Եթե պահը բաց ենք թողել, ես հիմա ի՞նչ նախագիծ բերեմ, բերեմ բաց թողած պահի նախագի՞ծը: Կամ ասում եք՝ կարող էր ավելի կոշտ լինել նախագիծը, պետք էր մաքրել, հետո նոր բերել: Ո՞ւմ մաքրենք, ո՞նց մաքրենք, պարոն Սիմոնյան: Շատ գեղեցիկ խոսքեր եք վկայակոչում Հին Հունաստանից, Հին Հռոմից, հետո ասում եք՝ պետք է մարքրեք... Ո՞նց մաքրեինք...»,- ասաց նախարարը: