Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ նիստը:
Նիստին մասնակցել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերած դոնոր համայնքի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները:
Նիստը մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկայի ողջույնի խոսքերով:
Շնորհակալություն հայտնելով ծրագրում ներդրում ունեցած բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցության համար՝ փոխվարչապետը նշել է, որ այս հանդիպումները թույլ են տալիս ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս ոլորտում հետևողական բարեփոխումները և ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին:
Շոմբի Շարփը նշել է, որ համատեղ ջանքերը աջակցել են Հայաստանում թափանցիկ ընտրությունների իրականացմանը 2018 թվականին, որոնք արժանացել են բարձր գնահատականի նաև միջազգային դիտորդների կողմից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, շեշտելով ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է դրանց hիմնական արդյունքները և ձեռքբերումները:
Նիստի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի աշխատակիցները ներկայացրին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի 2019 թ․ արդյունքները և նախանշեցին ծրագրի հետագա փուլերը մինչև 2020 թ. ավարտը:
Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: