«Տպավորություն է, թե սա ինչ-որ իմաստով սաբոտաժ է, եթե ոչ, ապա՝ անփութություն»,- Ազգային ժողովում քննարկվող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով հստակ չէ՝ ինչպիսի դատական համակարգ ենք ուզում ունենալ, և այս փոփոխությունները որևէ կերպ չեն երաշխավորում անկախ դատական համակարգի հնարավորությունը:
«2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վեթինգի մասին: Դրան հաջորդեցին մեր երկրում արդարադատությունը բռնաբարած մի քանի «քաղաքական պսեվդոգործիչների»՝ իրար հերթ չտվող հարցազրույցները, և միանգամից հետ կանգնեցինք դրանից: Արդյունքում այսօր ունենք կիսատ-պռատ բարեվարքության մասին որոշակի կառուցակարգեր, որոնք չեն ունենալու այն նույն ազդեցությունը դատական համակարգի վրա, ինչ որ նախատեսված էր վեթինգով»,- նշեց Բաբաջանյանը:
Նա ասաց, որ այս կարգավորումներով աջակցելու փոխարեն՝ անդառնալի հարված է հասցվում Վճռաբեկ դատարանին, որը վերջին ամիսներին ստանձնելով հեղափոխական օրակարգի իր բաժինը՝ վերանայում ու արդարացման որոշումներ է կայացնում «Մարտի 1»-ի գործով: «Այսպիսի կոսմետիկ միջոցներով մենք փորձում ենք բարեփոխել մի դատական համակարգ, որի ներկայացուցիչներն ապահովել են իշխանության ապօրինությունների ֆորմալիստական լեգիտիմությունը: Դրա դիմաց իշխանությունից ստացել են ամենատարբեր ինդուլգենցիաներ, որի արդյունքում ծաղկել ու բարգավաճել է կոռուպցիան»,- ընդգծեց Բաբաջանյանը: