Հայաստանում 32 հազար տնտեսվարող գրանցվել է որպես միկրոձեռնարկություն: Դիմումներն ամփոփել և այսօր հայտարարել են Պետեկամուտների կոմիտեում: Հիշեցնենք՝ նրանք փոքր՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող այն բիզնեսներն են, որոնց կառավարությունը տարեսկզբից ազատել է բոլոր տեսակի հարկերից: Այդ արտոնությունից օգտվելու նպատակով, սակայն, որոշ անհատ ձեռներեցներ թեպետ օրենքով չէին կարող, փորձել են տարբեր հնարքներ կիրառել ու ձևակերպվել որպես միկրոձեռնարկություն: Օրինակ՝ ոսկու շուկայում զարդերի առուվաճառքով զբաղված տնտեսվարողը գրանցվել է՝ իբրև թե արտադրությամբ է զբաղվում: Այդ և նմանատիպ այլ ռիսկերով առանձնացված 1150 դեպքից 200-ը՝ ՊԵԿ-ի տեսուչներն արդեն բացահայտել են: Ցուցակն աստիճանաբար կմաքրեն՝ ասել է կոմիտեի հարկային վարչարարության և հսկողության վարչության պետը: