Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին: Այդ մասին Ֆեյսբուքի Էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն:
Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին:
Ամփոփելով զրույցը՝ պայմանավորվեցինք մշտական կապի մեջ լինել երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար»,- գրել է նա: