Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը կնպաստի հայ և վրացի ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում: Վրաստանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է տեղի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում և հավելել, որ այն հանդիսանում է հայ-վրացական միջպետական կապերի խթանման ամուր կամուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջխորհրդարանական երկխոսությանը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է պատգամավորների միջև սերտ գործակցության կարևորությունը` ընդգծելով, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանականների սերտ հարաբերություններն իրենց կարևոր ներդրումն ունեն երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։
Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել նաև Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում: