Կայացել է հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ Վրաստանում: Մենք կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ էլ ավելի խորացնենք մեր երկրների բարիդրացիական հարաբերությունները: Միշտ էլ համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում, այն անցավ բավականին արդյունավետ: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս լավ հիմք կդառնա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման համար»: Գիորգի Գախարիան հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում և երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է: «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումների ընթացքում հնարավորություն կունենան քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Երևանում ջերմ ընդունելության և պաշտոնական այցի հրավերն ընդունելու համար:
Վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար և նշել. «Հարգելի վարչապետ, թանկագին Գիորգի, մեր երկրների հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել: Մեր պետություններն ունեն խորը մշակութային, քաղաքական, պատմական կապեր: Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, և ժամանակն է մտածել այս տարածաշրջանում եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին: Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, այլ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն և՛ ընդհանուր, և՛ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում: Հայ-վրացական հարաբերություններն ամրացնող ևս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին: Այս հանգամանքը ևս մի կարևոր անկյունաքար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել և համոզմունք հայտնել, որ այս այցն է՛լ ավելի կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների կառավարություններին հաջողվում է հստակ քայլերով բոլոր պայմանավորվածություններն առաջ մղել: