Ազգային ժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Դեղերի մասին օրենքում» լրացում կատարելու օրենսդրական նախագիծը: Պատգամավորի ներկայացմամբ՝ քաղաքացիները ցանկանում են արտերկրից տարբեր կերպ ստանալ այն դեղը, որը Հայաստանում չկա:
«Գործող կարգավորման համաձայն՝ անձը կարող է ֆիզիկապես սահմանը հատելուց իր հետ տեղափոխել դեղը, բայց եթե պատվիրում է փոստային ծառայությամբ, ապա արգելվում է ստանալ այդ դեղը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը: Նա նաև ընդգծեց, որ եթե բարեկամներն արտերկրից քաղաքացիներին ծանրոց են ուղարկում, որում հագուստ է և մեկ տուփ դեղ, այդ արկղը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև նա չի գնում մաքսային ծառայություն:
«Մենք առաջարկում ենք թույլատրել նաև փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ ամսվա մեջ մեկ անգամ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ ֆիզիկական անձի անունով: Չափը սահմանելու է կառավարությունը»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախատեսվում է, որ անձը սահմանը հատելիս կարող է տեղափոխել 9 տուփից ոչ ավելի: Ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում հատուկ վիճակագրություն կվարվի և կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը: