Հայաստանը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ 2019 թ․ հոկտեմբերին կնքվել է Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը։ Ի թիվս այլ ծրագրային միջոցառումների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նախատեսվում է կազմակերպել վեցամսյա աշխատանքային պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող և ավարտական կուրսերում սովորող իգական սեռի ուսանողների համար։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը տեղեկացրեց‚ որ արդեն դիմել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությանը՝ այս հարցում համագործակցելու համար։ Ուսանողներն իրենց պրակտիկան կանցնեն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում‚ ինչի համար նաև կվճարվեն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը միակ պետական ընկերությունն է, որը Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական այլ հաստատությունների հետ ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում ճանապարհաշինության ոլորտում, ակնկալվում է, որ ծրագրում ներգրավված պրակտիկանտ-ստաժորները հետագայում ՊՈԱԿ-ում‚ ճյուղային նախարարությունում կամ ճանապարհաշինական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններում աշխատանք գտնելու ավելի լայն հնարավորություններ կունենան։