2020 թ. փետրվարի 29-ին՝ ժամը 21:45-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային և այլ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի թվով 8 պարկուճ, արնանման հետքեր, կացին, արյունոտ հագուստ, ապակու ջարդված կտորներ, ինչպես նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: