Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%): Աշխարհում գրանցվել է 88950 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 62 երկրում գրանցվել է 8776 դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում մարտի 2-ի դրությամբ արձանագրվել է 87137 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 79968, 2873-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 58 երկրում արձանագրվել է 7169 դեպք, որից 104-ը՝ մահվան ելքով:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:
ԱՀԿ նոր մոտեցումների համաձայն` լրամշակվել են Նոր կորոնավիրուսային վարակի բուժման ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք սահմանված կարգով կհաստատվեն և կտեղայնացվեն: Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում է բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:
Վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով նախարարության մասնագետները մշտական կապի մեջ են ԱՀԿ և տարածաշրջանի գործընկերների հետ:
Առողջապահության նախարարությունը հորդորում է.
-
Միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը:
-
Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ):
-
Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով:
-
Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի:
-
Եթե վերադարձել եք երկրներից, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր, և դուք ունեք գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճամփորդության մասին: