Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի արագ տարածման պատճառով Եվրոպայում, Միջին Արևելքում և Ամերիկայում արգելվում են մեծ հավաքույթները, խստացվում են ճանապարհորդության սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:
Մինչ աշխարհը տագնապած հետևում է վարակակիրների ու զոհերի թվի աճին, վարակի բռնկման օջախում՝ Չինաստանում, իշխանությունները հայտարարում են վիրուսով հիվանդների կրճատման մասին: Կիրակի այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 202 նոր հաստատված դեպք, մինչդեռ, ըստ Առողջապահության ազգային հանձնաժողովի, ավելի վաղ օրական գրանցվում էր 573 նոր դեպք: Փակվել է Ուհանում կորոնավիրուսի դեպ պայքարում կառուցված ժամանակավոր հիվանդանոցը: Այսպիսով Չինաստանում, վերջին տվյալների համաձայն, վարակակիրների թիվը հասնում 80,026-ի: Աշխարհի 53 երկրում՝ 6500-ի: Չինաստանում զոհերի թիվը 2912-ն է, դրա սահմաններից դուրս՝ 100-ից ավել, որից 54-ը՝ Իրանում, 34-ը՝ Իտալիայում, 20-ը՝ Հարավային Կորեայում: