Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը Հայաստան հասնելու առաջին դեպքի թեմայով հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակների դասին չի պատկանում, ինչպես օրինակ, ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, էբոլան։
«Մենք ունենք դեղորայք, որը դեռ ապացուցողական հիմքերով դրված չէ, որ հենց այդ դեղորայքն է բուժում հենց այս վիրուսը։ Հայաստանն առաջանցիկ տեմպերով գնումներ է իրականացնում և եթե հանկարծ կարիք լինի ավելի մեծ քանակներով դրանք օգտագործել, բայց այս պահին դրանց օգտագործման անհրաժեշտությունը չկա», - հավաստիացրեց նախարարը։
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը չեղարկելու անհրաժեշտություն Արսեն Թորոսյանն այս պահին չի տեսնում։
«Հանրային առողջությունը մեզ համար ամենակարևորն է, ու եթե տեսնենք, որ հանրային առողջության համար կա որևէ վտանգ, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած նախկին որոշում, դրա մասին հանրությանը տեղյակ կպահենք, այս պահին դրա անհրաժեշտություն չկա»,- նշեց նախարար Թորոսյանը։