Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նշվում է, որ կողմերը քննարկել են սիրիական խդիրը՝ «հիմնականում հաշվի առնելով Իդլիբի գոտում լարվածության կտրուկ սրումը»:
Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, զրույցի ընթացքում քննարկվել է նաև տարածքում մարդասիրական իրավիճակը:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «սիրիական կարգավորման բոլոր ակտուալ մանրամասները նախատեսվում է առարկայորեն քննարկել Մոսկվայում՝ առաջիկա օրերին պլանավորված ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում»:
Հիշեցնենք, որ մինչ այս Պուտինը սիրիական խնդիրը քննարկել էր Թուրքիայի, Գերմանիայի, Իրանի նախագահների հետ, իսկ փետրվարի 20-ին նույն խնդրի և Լիբիայի հարցի շուրջ շուրջ տեղի էր ունեցել Պուտին-Մակրոն-Մերկել եռակողմ հեռախոսազրույցը: