Իրանից հատուկ չվերթով Հայաստան եկած բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները դիմակներ են կրել, նրանք ինքնաթիռից դուրս են եկել առանձին ուղիով: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ ինքնաթիռում 80 ուղևոր է եղել, մեկուսացվել է 32-ը, այդ թվում՝ վարակված ուղևորին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին և ապա նրանց հիվանդանոց տեղափոխած շտապօգնության անձնակազմը: Ա.Թորոսյանն ասաց, որ նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն նախարարը լրագրողներին հորդորեց չգնալ և չնկարահանել մեկուսացվածներին:
Նա վստահեցրեց, որ հատուկ չվերթով ժամանած բոլոր ուղևորները պահվում են հսկողության տակ, նախարարության կողմից իրականացվող համաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին:
Ա.Թորոսյանը պարզաբանեց, թե ինչու վայրէջքից հետո ջերմաչափվելիս վարակ չի հայտնաբերվել և արձանագրվել է միայն 4 ժամ անց: Նախարարը նշեց, որ հիվանդությունն ավելի ուշ է զարգանում, և եթե անգամ 32 ուղևորները վարակված լինեն կորոնավիրուսով, պարտադիր չէ, որ նրանք վարակեն մյուսներին, քանի որ վարակվելու համար վարակը պետք է մտնի մարդու բջիջներ:
Նախարարը քաղաքացիներին հորդորեց ժամանակավորապես հրաժարվել համբուրվելով բարևելուց, նաև կոչ արեց ձեռքերը հաճախ լվանալ: