ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ արագ կսկսի իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:
Թրամփի խոսքով ՝ «Թալիբանի» հետ պայմանավորվածությունը թույլ կտա Միացյալ Նահանգներին Աֆղանստանում զորքերի քանակը կրճատել, հասցնելով մոտ 8 հազար զինծառայողի: Նախագահը նաև հայտնել է, որ մտադիր է անձա՛մբ հանդիպել թալիբների առաջնորդների հետ:
«Ես անձամբ կհանդիպեմ թալիբների առաջնորդների հետ ոչ այնքան հեռու ապագայում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն իրենց զորքերն անմիջապես կվերադարձնեն Աֆղանստան, եթե թալիբների հետ կնքված համաձայնագիրը կյանքի չկոչվի:
«Ես հավատում եմ, որ թալիբները ցանկանում են ինչ-որ բան ձեռնարկել՝ հաստատելու համար, որ մենք մեր ժամանակը չենք վատնել: Եթե վատ իրադարձություններ լինեն, կվերադառնա՛նք: Մենք շատ արագ կվերադարձնենք մեր զորքերը: Հուսով եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»,- ասել է Դոնալդ Թրամփը: