Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենապատիվ Պատրիարքին ուղեկցում են Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, Պատրիարքական Աթոռի լուսարարապետ ու դիվանապետ Հոգեշնորհ Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը, Արժանապատիվ Տ. Տրդատ ավագ քահանա Ուզունյանը և Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը։
Այս առիթով Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի միաբանության անունից ողջունելով Սահակ Պատրիարքին, շնորհավորել է նրան ընտրության կապակցությամբ։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։
Այնուհետև Վեհարանում նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և նրա շքախմբին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջագուրումից հետո Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնել է երկար տարիներ անց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունում նոր գահակալ ունենալու առիթով։
«Մենք այս առիթով մեր սրտի ամենաջերմ և լավագույն բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ: Հայցում ենք, որ Տերն Իր շնորհներն առատորեն հեղի Ձեզ վրա և պարգևի ուժ ու կորով՝ իմաստությամբ ու արդյունավոր կերպով իրականացնելու Ձեր ծանր պարտականությունները:
Գիտենք, որ այս տարիների ընթացքում շատ աշխատանքներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանային պատրիարքական հանգամանքի մեջ եղող անձի կողմից, առկախ են մնացել և կարիք ունեն կարգավորման: Եվ Ձեր Ամենապատվությունը, վստահ ենք, եկեղեցականաց և աշխարհականաց դասի հետ համատեղ ամեն ջանք ի գործ պիտի դնի, որպեսզի այդ խնդիրները կարողանան լուծում ստանալ և Պատրիարքությունը շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց նորընտիր Պատրիարքին երկար տարիներ Մայր Աթոռում նրա նվիրյալ ծառայության համար՝ հորդորելով վերջինիս նույն նախանձախնդրությամբ և անձնուրաց աշխատանքով զորացնել և ծաղկեցնել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության նվիրական Աթոռը։
Վեհափառ Հայրապետը քաղցրությամբ վերհիշել է իր հովվապետական այցելությունը Կ․Պոլսի Հայոց Պատրիարքություն՝ արձանագրելով, որ այնտեղ ականատեսն է դարձել պոլսահայության ջերմությանը, սիրուն ու հարգանքին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությանը, նրա արժանընտիր գահակալին, հոգևոր ողջ դասին և հավատացյալ ժողովրդին:
Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար՝ փոխանցելով պոլսահայության որդիական ողջույններն ու հարգանքը:
«Դուք միշտ մեր աղոթքների մեջ եք: Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ: Այս օրը ինձ համար շատ թանկագին է. իմ կյանքի շատ էական հանգրվանները Ձեզ հետ եմ ապրել», - ասել է Նորին Ամենապատվությունը՝ վերհիշելով տարիների իր ծառայությունը Մայր Աթոռում, Վեհափառի հայրական խնամքի ներքո և դրանք նկատելով իր կյանքի ամենաարդյունաբեր ժամանակաշրջանը:
Պատրիարք Հայրն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի եկեղեցաշեն գործունեությանը և Մայր Աթոռի պայծառությանը՝ նշելով, որ երախտապարտ է կատարված աշխատանքների համար: Վերջում Սահակ Պատրիարքը հայցեց Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը:
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: