Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը՝ շարունակում է բացահայտել համացանցում` պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին:
Մասնավորապես, ս.թ. փետրվարի 26-ին «Գոռ Մադիգ Գրիգորյան» տվյալներով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որ իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայությունները անգործության են մատնված:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է։ Նշված տեսանյութի չմոնտաժված իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում և սոցիալական ցանցերում է տեղադրել դեռևս 2018-ի սկզբներին, որում նա հայերեն լեզվով պատմել է Երևանում նորաբաց «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։ Դրա մասին են վկայում նաև «ՌԻՈ մոլ» առևտրի կենտրոնի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց նշված ժամանակահատվածում: Պարզվել է, նաև որ մոնտաժված տարբերակում վերոնշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Գոռ Մադիգ Գրիգորյան» ֆեյսբուքյան օգտատիրոջը տեսանյութը տրամադրել է վերջինիս ֆեյսբուքյան օգտատեր ընկերներից մեկը, ում այդ տեսանյութը Ֆեյսբուքի միջոցով ուղարկել է Ադրբեջանում բնակվող Давуд Гаджиев օգտատերը:
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և էժանագին տեղեկությունների միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում:
ԱԱԾ-ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում է սոցիալական կայքերում լինել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, զերծ մնալ կեղծ օգտատերերի հետ շփումներից, չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը: