Միացյալ Նահանգներն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Կատարում հրադադարի համաձայնագիր են ստորագրել՝ Աֆղանստանում 18 տարի տևած պատերազմից հետո երկրում խաղաղություն հաստատելու նպատակով:
Գործարքի պայմանները պահպանելու դեպքում Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներն իրենց զորախմբերը դուրս կբերեն Աֆղանստանից 14 ամսվա ընթացքում:
Դոհայում կնքված համաձայնագրով՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նաև համաձայնել են «Ալ Կաիդային» կամ ծայրահեղական որևէ այլ խմբավորման թույլ չտալ ահաբեկչական գործունեություն ծավալել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Աֆղանստանի պատերազմի ընթացքում մահացել է ավելի քան 2400 ամերիկացի զինվորական: Մոտ 12 հազար զինվորական դեռևս Աֆղանստանում է: