ԵՄ ֆինանսավորմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի շուրջ 3 տասնյակ աշխատող անցել է ձեռնարկություններում մասնագիտական ռիսկերի գնահատման և կառավարման մեկշաբաթյա վերապատրաստում։ Դասընթացները եղել են տեսական և գործնական։
Աշխատանքային քննարկումներին զուգահեռ այց է կազմակերպվել նաև հայաստանյան գործարան։
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության և առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն աշխատանքային շաբաթվա ամփոփմանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ հետագայում ևս կազմակերպել այսպիսի դասընթաց, ինչպես նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱԱՏՄ գործող կանոնադրությունը նոր լիազորություններին համապատասխանեցնելու առումով։
Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ ընդլայնված լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ․ հուլիսից։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորել է գործընկերների կողմից այս աջակցությունը՝ նկատելով, որ ներկայումս քաղաքացիներն ու տնտեսվարողները շատ հաճախ են տեսչական մարմին՝ դիմում աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով։ Սակայն քանի դեռ ԱԱՏՄ-ն այս առումով լայն լիազորություններ չունի, չի կարող աջակցել։ Միաժամանակ, ըստ նրա, տեսչական մարմնի վերջնանպատակը տուգանելը չէ, այլ աշխատանքային իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելը։ Դա ապահովելու համար ուժեղացվում են տեսչական մարմնի աշխատանքային թիմի մասնագիտական և տեխնիկական կարողությունները։
ԱՄԿ ջանքերով և ԵՄ ֆինանսավորմամբ այս դասընթացները ևս նշված միջոցառումների շարքից են՝ ունենալու մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։
Վերապատրաստումների ամփոփիչ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։
Դասընթացները ֆինանսավորվել են ԵՄ-ի կողմից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերի (GSP+) շահառու երկրներին աջակցության շրջանակներում։