Բազմամարդ տոնախմբություն, երգ-պար, մշակութային, մարզական ու ժամանցային միջոցառումներ ու մրցումներ՝ «Շիրակի ձմեռ-2020» փառատոնն անցավ հրաշալի մթնոլորտում։
Մասնակիցներին տոնական տրամադրություն և ուրախ ժամանց է մաղթել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Ողջունում եմ բոլորիդ Շիրակի հյուսիսում և ձեզ տոնական տրամադրություն եմ մաղթում։ Մեր միջոցառման գլխավոր նպատակը Շիրակի հյուսիսը զբոսաշրջության, ժամանցի, հանգստի, տնտեսական ակտիվության շրջաններից մեկը դարձնելն է: Այսօր մենք այդ քայլերն ենք անում և թերահավատներին վստահորեն ցույց ենք տալու, որ Շիրակի հյուսիսը մեծ ներուժ ունի, և այն մենք հաստատակամորեն օգտագործելու ենք։ Նախադրյալները կան և մենք էլ ամեն ինչ անելու ենք մարզի այս հատվածն առավել աշխույժ ու զարգացած տեսնելու համար»։
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, պաշտոնյաներ, մտավորականներ, մարզիկներ, հյուրեր։
Փառատոնի ընթացքում ցանկացողները ուժերը չափել են դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, կշռաքարի, հրաձգության, ռաֆտինգի, փեյնթբոլի, ձնեմարտի (սիրողական), ձնագնդիով նշանակետիի, ջիփինգի, սահնակների, արագընթացների (բուռաններ), սնոուբորդի մրցույթներում։ Հաղթողներն արժանացել են պատվոգրերի և մրցանակների։
Միջոցառումն իրականացվել է Շիրակի մարզպետարանի ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համատեղ ջանքերով՝ ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ։