Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի հուշարձան-շենքի օտարման գործընթացի, ինչպես նաև որպես հուշարձան ձևախեղելու փաստով հարուցվել է քրեական գործ։
Տարիներ առաջ «Հետք»-ը գրել էր, որ մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Սմբատյանը սեփականաշնորհել են այս շենքը։ Մասնավորապես, հիմնվել էր հասարակական կազմակերպություն, որի բալանսում ԱՕԿՍ-ի շենքն էր, ապա ՀԿ-ն այն փոխանցել է առևտրային ընկերության՝ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ին, որի բաժնետեր հետագայում դարձել էր «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ՍՊԸ-ն։
«Լուրեր»-ը անցյալ տարվա հուլիսին պարզել էր, որ հուշարձան-շենքի նկուղային հատվածի սեփականատերերից մեկն էլ ներկայումս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն է։ Մասնավորապես, պետությունը շենքի այդ հատվածի 270 քառակուսի մետր մակերեսով տարածքն օտարել էր «Թիֆլիս» ՍՊԸ-ին։ 2011-2017 թվականներին ընկերության միանձնյա բաժնետերը եղել է Հասմիկ Պողոսյանի որդին՝ Վաղարշակ Հակոբյանը, իսկ տարիներ անց ընկերության բաժնեմասերի 50 տոկոսն անցել է Թամրազյանին, որը Սմբատյանների ընտանիքի մերձավորներից է։ Վերջինս «Լուրեր»-ին տեղեկացրել էր, որ շենքի այդ հատվածը ձեռք են բերել ընկերներով ու մտադիր են հանձնել վարձակալության։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շենքի օտարման փաստով դիմել էր Գլխավոր դատախազություն։ Պատգամավորը մեզ տեղեկացրեց, որ երեկ ստացել է դատախազությունից պարզաբանում այն մասին, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ-ի) շենքի սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում սույն թվականի փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ»։
Ոստիկանությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը նաև հաղորդել է, որ ԱՕԿՍ-ի շենքում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ, որի հետևանքով շենքի հյուսիսային հատվածը փակվել է, որոշ պատուհաններ էլ ապալցափակվել են։ Գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին, ոստիկանության հաղորդագրությամբ՝ պետությանը պատճառվել է 201 միլիոն դրամի վնաս։