Իդլիբում սիրիական ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինծառայող է մահացել: Այս մասին Sakinca haber-ին հայտնել է Սիրիային սահմանակցող թուրքական Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը: Վերջինս հավելել է, որ կան նաև վիրավորներ, առողջություն է մաղթել նրանց և հայտնել, որ հանրությանն անպայման հավելյալ տեղեկություններ կհայտնի:
CNNturk-ի փոխանցմամբ էլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ առիթով անվտանգության խորհրդի նիստ է գումարել հինգշաբթի երեկոյան, որին մասնակցել են ուժային գերատեսչությունների ղեկավարները և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը նաև հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Ավելի վաղ Սիրիայի պետական SANA գործակալությունը հաղորդել էր, որ գրոհայինները, թուրքական բանակի աջակցությամբ, հարձակվել են Իդլիբի Սերաքիբ քաղաքի վրա, որը սիրիական զորքերը թեժ մարտերի արդյունքում ազատագրել էին փետրվարի սկզբին: Ահաբեկիչները հարձակման ընթացքում ներգրավել են տասնյակ մահապարտներ և ականապատված ավտոմեքենաներ, թուրքական ԶՈՒ-ն շարունակել է հրետանային կրակ արձակել, ինչից հետո սիրիական ավիացիան ստիպված է եղել հարվածներ հասցնել:
Իր հերթին, Россия 24 հեռուստաալիքը հաղորդեց, որ թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակել են նույնիսկ ռուսական ինքնաթիռների ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ դեռևս գոհացուցիչ արդյունք չի հասել Ռուսաստանի հետ Իդլիբի խնդրի շուրջ բանակցություններում և այժմ պատրաստ է ռազմական գործողություն սկսել տարածքում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ հակադարձել էր, որ Դամասկոսը կշարունակի ահաբեկչներից ազատագրել իր հայրենիքի ամեն մի սանտիմետրը՝ անկախ Թուրքիայի և ուրիշների արձագանքից: