Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Կողմերն ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակը կարգավորելու համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությանում: Կրեմլն ընդգծում է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները և մոտ ապագայում նախաձեռնել բարձր մակարդակում հանդիպում անցկացնելու հնարավորություն»:
«Հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների էական փոխանակություն: Լուրջ մտահոգություն է արտահայտվել Իդլիբում լարվածության սրման կապակցությամբ, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում նաև թուրքական զորքերի շարքում»,- նշվում է հաղորդագրությունում: Ընդգծվում է նաև «Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների համատեղ համակարգման ամրապնդման անհրաժեշտությունը»:
Կրեմլից հաղորդել են, որ Պուտինը և Էրդողանը քննարկել են «2018 և 2019 թվականների ռուս-թուրքական համաձայնագրերի կատարման առաջընթացը», ընդգծել են «միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջնահերթությունը»: