Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը:
Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի առաքելությունը, գործունեության ոլորտները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայիով վերապահված նոր լիազորությունները՝ որպես անկախ մշտադիտարկում իրականացնող մարմին:
Ներառական հասարակություն ունենալու ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորել է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, կյանքի բոլոր բնագավառներում ինքնուրույն և լիարժեք մասնակցությունն ապահովող միջավայրի ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցությունը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ՝ կարծրատիպային ընկալումներից ու խտրականությունից մինչև անարդյունավետ պաշտպանություն: Դրանց լուծման ճանապարհին սերտորեն համագործակցելու ենք ոլորտի հասարակական կազմակերպությունների, անկախ մասնագետների, լրատվամիջոցների և այլ գործընկերների հետ: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհուրդ»,- ասել է Մսրդու իրավունքների պաշտպանը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհուրդ ստեղծելու գաղափարը, Պաշտպանի հետ քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, ներկայացրել են դրանց լուծման ուղղությամբ իրենց տեսլականը: