«Բանակն իր էությամբ կարող է ունենալ մեկ թշնամի՝ արտաքին: Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի: Բանակը պետք է իր ամբողջական էլիտար բնույթը վերականգնի»,- լրագրողների հետ ճեպազրույցնում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա շեշտեց, որ պետք չէ փնտրել էլիտար զորամասեր, քանի որ բանակը պետք է էլիտար լինի սպայակազմի, զինվորների հարաբերություններով, սպառազինությամբ ու ինտելեկտուալ կառավարման հնարավորություններով:
Քոչարյանը նշեց, որ փետրվարը սև ամիս էր ու բանակի համար՝ ծանր: «Պետք է հասնել նրան, որ Զինված ուժերում ընդհանրապես ինքնասպանություն չլինի, և որևէ վիճակագրական տեղեկատվություն ինձ համար ընդունելի չէ, թե այս բանակում՝ այսքանը, այն բանակում՝ այնքանը: Մեր Զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ բացթողումները, որոնք պետք է շտկվեն, առնչվում են իրավական, հոգեբանական խնդիրներին: Անդրադառնալով Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում Ջալալ Հարությունյանի նշանակմանը՝ Քոչարյանը նշեց, որ բանակն ունի նման խարիզմատիկ զինվորականների կարիքը: