Ինչպես ամեն ինչ սկսվեց
Արտասահմանյան, իսկ առավել հաճախ՝ ռուսաստանյան մամուլում պատվիրված հոդվածներ հրապարակելու «գայթակղությունից» Բաքվում այդպես էլ չհրաժարվեցին: Ամեն տարի՝ փետրվարի վերջին, ադրբեջանական ագիտպրոպն ամեն ինչ անում է՝ աշխարհին մատուցելու ավելի քան 30-ամյա վաղեմության ադրբեջանական «ճշմարտությունը»: Ու քանի որ համաշխարհային հեղինակավոր հանդեսներում քարոզչական նյութեր տարածել չհաջողվեց, այս տարի բավարարվեցին ռուսաստանյան Независимая газета-ով:
Փետրվարի 24-ին ռուսական պարբերականում հրապարակվեց «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց այն սկսվեց, և ինչպե՞ս է այն եղել» վերտառությամբ հոդվածը, որում «վկայակոչվում էին» խորհրդային ՊԱԿ-ի արխիվային փաստաթղթերը: Հոդվածագիրն էլ, ոչ ավել ոչ պակաս, ադրբեջանցի գրող և լրագրող Լև Ասկերովն էր, ինչը հերթական ապացույցը պետք է լիներ, որ ներկայացված «փաստերում» անկողմնակալությունը ձգտելու է մինուս անվերջության:
Բաքվի գլխավոր քարոզչամեքենան շտապեց հոդվածի հրապարակումը ներկայացնել որպես դարակազմիկ «հաղթանակ»՝ նշելով, որ 32 տարվա մեջ առաջին անգամ ռուսական մամուլում հրապարակվում է վերլուծություն, որը լույս է սփռում «արյունալի իրադարձության բեմականացված բնույթի վրա»:
Հորինված հոդվածին հայկական արձագանքը հանգիստ էր, հավասարակշռված, փաստարկված և ճիշտ կազմակերպված: Սկզբում Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն իր Տելեգրամում գրեց, որ իրեն իհարկե հայտնի է, որ լրագրողների շրջանում կան ծախուներ, սակայն միամտաբար կարծում էր, որ նույնիսկ այդ որակի «գործընկերների» համար կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի:
«Независимая газета-ում 1988-ի փետրվարի սումգայիթյան իրադարձությունների մասին հրապարակումից հետո հասկացա, որ դա այդպես չէ: Անսկզբունքայնություն, նենգություն և ծախվածություն: Այլ բառերով դժվարանում եմ նկարագրել: Որպես Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի ամբողջ սարսափներով անցած մարդ` կարող եմ ասել՝ եթե հանուն փողի կարող եք գրել այն, ինչ գրել եք, ապա պարզապես սրիկա ու չարագործ եք»,- գրել էր Բաբայանը:
Այնուհետև գործի անցավ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը: Ռուսաստանում մեր գլխավոր դիվանագետ Վարդան Տողանյանը դիմեց ՌԴ գլխավոր դատախազություն ու տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն՝ Независимая газета-ում Լև Ասկերովի հեղինակած` Սումգայիթյան ջարդերի մասին հրապարակման առնչությամբ:
Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում Տողանյանը հայտնեց, որ թերթից հերքում չի պահանջելու, քանի որ հրապարակված հոդվածը հայհոյանք է համարում:
«Ես դիմել եմ Ռուսաստանի գլխավոր դատախազություն` ազգամիջյան ատելություն, այլատյացություն, կրոնական անհանդուրժողականություն սերմանելու փաստով ստուգումներ սկսելու պահանջով»:
Մանկական մատ՝ մեր կատարմամբ
Հայկական կողմի արագ գործողությունների արդյունքն արագ նկատվեց. փետրվարի 27-ին՝ հրապարակումից 3 օր անց, ստահոդ հոդվածը հեռացվեց կայքից:
Մեր պատասխանը Չեմբեռլենին
Կայքից ոչ միայն հեռացվեց հակահայկական հոդվածը, այլև նույն պարբերականի կայքում հրապարակվեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի «Խոջալու. ճշմարտություն և հորինվածք. բանավեճ Միխայիլ Աբաևի հետ» վերտառությամբ հոդվածը:
Հիշողության թարմացում՝ օվկիանոսից այն կողմ
Ռուսաստանյան մեդիատիրույթում ադրբեջանական արշավը չեզոքացնելուն զուգահեռ հեռավոր Կանադայից նորից հիշեցրին Բաքվի և Սումգայիթի ջարդերը: Դատապարտող հայտարարություններով հանդես եկան Կանադայի Համայնքների պալատի Ազատական կուսակցության պատգամավոր, ծագումով լիբանանցի Ֆայսալ էլ Խուրին և Պահպանողական կուսակցության պատգամավոր Բոբ Սարոյան:
Երբ լռությունն իսկապես ոսկի է...
Ադրբեջանում պետական և նույնիսկ մամուլի մակարդակով քարոզչական հերթական ֆիասկոյին չարձագանքեցին: Միակ «զենքը» մնացել է հին խաղալիքը՝ DDoS հարձակումները հայկական մասնագիտացված կայքերի վրա, որոնք ամուր փաստարկներով հերքում են Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական քարոզչությունը և ներկայացնում Սումգայիթի, Բաքվի, Գանձակի հայկական ջարդերի վերաբերյալ ողջ ճշմարտությունը... և նույնիսկ այստեղ մանկական խաղը երկար չտևեց: Հայկական կայքերն արդեն անխափան աշխատում են: