Իմ տպավորությամբ այն, ինչ տեղի է ունենում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ, շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանձին կազմակերպություն, ինչպես չկա, օրինակ, ժանտախտի, խոլերայի կամ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի առանձին կենտրոն: Ի դեպ, ժանտախտի դեմ պայքարի կենտրոններ եղել են ժամանակին, սակայն, բարեբախտաբար, դրանք բոլորը փակվել են՝ հիվանդության գրեթե վերացմանը զուգընթաց: Եղել են նաև մասնագիտացված հեպատիտների դեմ պայքարի կենտրոններ, որոնք կրկին ինտեգրվել են ինֆեկցիոն ընդհանուր համակարգին:
Բազմիցս նշել եմ, որ որևէ գույք (շենք կամ սարք) դուրս չի գալու առողջապահական համակարգից, որևէ ծառայության ծավալ և որակ չի իջեցվելու, այլ միայն ընդլայնվելու է: Եվ այն, ինչ հիմա կառավարությունն անում է, պետք է արվեր վաղուց, բայց չի արվել տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Եվ հիմա էլ, փաստորեն, սուբյեկտիվ և միայն սուբյեկտիվ պատճառով այս ինտեգրման դեմ գործողություններ են արվում և առիթ տալիս հաստատելու մեր այն ենթադրությունները, որ գուցե այդ «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը:
Ես միայն ուրախ կլինեմ, եթե սխալվեմ, և փարատվեն իմ այդ կասկածները: Եվ կոլեկտիվը կամ դրա մի մասը (մեծ կամ փոքր՝ էական չէ) կարող է հենց հիմա ապացուցել՝ առաջնորդվում է նեղ անձնային թե մասնագիտական շահերով: Ապացուցման ճանապարհն էլ ենք ցույց տվել` կատարել մեր օրինական պահանջները և աշխատել ծառայությունների որակը և ծավալը բարելավելու ուղղությամբ: Հակառակը անելը ոչ մի կերպ չի տեղավորվում կոլեկտիվի կողմից վկայակոչվող սկզբունքների շրջանակներում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և մենք պատրաստ ենք լսել ցանկացած աշխատակցի ցանկացած առաջարկություն և հաշվի առնել դրանք մեր հետագա քայլերում:
Հ.Գ.- ի դեպ վերջերս «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը» վերանվանվեց «Թոքաբանության ազգային կենտրոնի», որտեղ մատուցվող ծառայությունները նույնպես ընդլայնվելու են: Եվ ես ոչ մի մեղադրանք չլսեցի, թե մենք «քանդում ենք» կայացած մի համակարգ, որովհետև մենք չենք քանդում որևէ համակարգ: Մենք միայն հզորացնում և ընդլայնում ենք դրանք` պահպանելով մինչ օրս արդյունք ցույց տված բուժական պրակտիկաները և բարեփոխելով նրանք, որոնք արդեն հնացել են և արդյունավետ չեն»,- գրել է Արսեն Թորոսյանը: