ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների իրագործմանը։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։
Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։