Աշխարհի ֆինանսական շուկաները վեցերորդ օրն անընդմեջ ցուցանիշների անկում են գրանցում: Թրեյդերներն ու ներդրողները մտավախություն ունեն, որ նոր կորոնավիրուսը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ կդառնա: Աշխարհի գրեթե 50 երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 80 հազար դեպք, մահացության՝ ավելի քան 2800: Հիվանդության դեպքերի ճնշող մեծամասնությունը Չինաստանում է:
Եվրոպական երկրներից Covid-19-ից ամենաշատը տուժել է Իտալիան: Ուրբաթ առավոտյան գրանցվել է հիվանդության 655 դեպք և 17 մահ:
Հունաստանը (հիվանդության 3 դեպք) որոշեց չեղարկել բոլոր կառնավալները: Գերմանիայում արդեն կա 48 դեպք, Ֆրանսիայում՝ 38, իսկ Իսպանիայում՝ 15:
Ճապոնիայում գրանցվել է 214 դեպք: Այստեղ երկուշաբթի դպրոցները կփակվեն և չեն աշխատի մինչև գարնանային արձակուրդների ավարտը՝ ապրիլի վերջը:
Իրաքում գրանցվել է 7 դեպք, այստեղ նույնպես փակվել են բոլոր դպրոցները: Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել ամբողջ Չինաստանում և Հոնկոնգում:
Չինաստանում հինգշաբթի կորոնավիրուսից մահացել է 29 մարդ, հայտնաբերվել է 433 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը եղել է մոտ 79 հազար մարդ, իսկ 2788-ը մահացել են:
Հարավային Կորեայում գրանցվել է հիվանդության ավելի քան 1700 դեպք:
Իրանը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում վիրուսի տարածման կենտրոն (հիվանդության 245 դեպք, մահվան՝ 26):