ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
Ուսումնասիրության առարկա են հանդիսացել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:
Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։
Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն դրամ ծավալով գնումների գործընթացներում:
Մասնավորապես՝
-
Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել են 127 մլն դրամի պայմանագրեր:
-
Մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:
-
Ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանագրով սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:
-
Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի գերազանցել է ձեռքբերման արժեքը, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:
-
Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:
Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:
Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և ՀԻմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության հետևանքով ընկերությունը կրել է վնասներ, և շահաբաժիններ չեն հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի դրանից՝ ընկերության կողմից իրականացվել է 47 մլն դրամի (դրամարկղային)՝ Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով: