ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Շիրակի տարածքային բաժնի և Երևանի տարածքային բաժնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության մասնագետի մասնակցությամբ ստուգում են իրականացրել ՀԷՑ ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ ու թերություններ:
Արձանագրվել են առանց լիազոր մարմնից ստացված գործարկման եզրակացության 2018 թվականի ընթացքում գործարկված թվով 8 էլեկտրատեղակայանքներ, ևս մեկը գործարկվել է 2019 թվականին, որով խախտվել են «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Պարզվել է նաև, որ «Ղարս» մասնաճյուղում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքներն արձանագրությամբ ձևակերպված չեն, ստուգմամբ չի պարզվել՝ տեղի ունեցած պատահարների վերաբերյալ քննություններ ու վերլուծություններ իրականացվե՞լ են, թե՞ ոչ: Չի կատարվել ՀՀ կառավարության 12.04.2007 թվականի 580-Ն որոշման պահանջը:
Ստուգմամբ պարզվել է նաև, որ բացակայում է «Ղարս» մասնաճյուղի էլեկտրատեղակայանքներում ՀԷՑ ՓԲ ընկերության շինմոնտաժային ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպության ներկայացուցչի հետ համատեղ ձևակերպված աշխատանքների կատարման ակտ-թույլտվությունը:
Ստուգման արդյունքում տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվել «Ղարս» մասնաճյուղի պատասխանատուի նկատմամբ, էներգաանվտանգության կանոնների խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար տրվել է կարգադրագիր:
Տարածքային բաժնի աշխատակիցները մասնաճյուղի պատասխանատուներին համապատասխան խորհրդատվություն են տրամադրել: