Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։
Համայնքի գլխավոր քարտուղարը ներկայացրել է այցի նպատակը՝ նշելով, որ ցանկանում են լսել Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի և Ժողովրդավարությունների համայնքի միջև:
Փոխնախարարը ողջունել է բարձրաստիճան հյուրերին և ներկայացրել նախարարության կողմից մշակված ռազմավարությունները և երկրում ժողովրդավարության խթանմանն ուղղված ջանքերը:
Մասնավորապես, Քրիստիննե Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է դատաիրավական, հակակոռուպցիոն և ՄԻՊ ռազմավարություններն ու դրանց գործողությունների ծրագրերով նախատեղված բարեփոխումների ծավալուն շրջանակը:
Անդրադառնալով դատական բարեփոխումների գործընթացին՝ որպես վերջնարդյունք փոխնախարարը նշել է անկախ, անաչառ և արդյունավետ դատական համակարգի ձևավորումը:
Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում փոխնախարարը ներկայացրել է դրա կանխարգելիչ, կրթական ու քննչական բաղադրիչները և անդրադարձել Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ինչպես նաև կոռուպցիոն գործեր քննող դատարանի ձևավորման գործընթացներին:
ՄԻՊ ազգային ռազմավարության շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ և անչափահասների արդարադատության ոլորտում կատարված աշխատանքները:
Պատասխանելով բարեփոխումների առաջնահերթություններին առնչվող գործընկերոջ հարցին՝ փոխնախարարը նշել է, որ թեև ռազմավարությունները մշակվել են 2-4 տարիների համար, սակայն դրանց գործողությունների ծրագրերում հստակ նախանշված են բարեփոխումների առաջնահերթությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջակայքերում:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է, որ չնայած բարեփոխումների լայնածավալ շրջանակին՝ հանրության սպասումներն ավելին են, և դա ընկալելի է Կառավարության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք այլ հարցերի ևս:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել: