Օղակաձև զբոսայգում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, արդեն այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կկառուցվի: Այգին քաղաքին է նվիրաբերում Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը: Տեղեկությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Ըստ պայմանագրի՝ օղակաձև այգու 6 հատվածում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի հարևանությամբ 5044 քմ հանրային տարածքում մոտակա ամիսներին կկառուցվի սքեյթ խաղահրապարակ: Քաղաքապետի խոսքով՝ նախագիծը ամենահաճելի նվերն է լինելու երիտասարդներին, որոնք կարող են մարզվել ու հաճելի ժամանակ անցկացնել:
Ծրագրի 2-րդ փուլով մինչև այս տարվա օգոստոսի 30-ը կբարեկարգվի տարածքի արևելյան առկա կանաչ գոտին՝ համալրվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով: