Իդլիբում այս գիշեր զոհվել է 33 թուրք զինծառայող: Կա մոտ նույնքան վիրավոր: Անկարան մեղադրում է Սիրիական կառավարական ուժերին, սակայն լռում՝ Մոսկվայի մասին: Կրեմլը հաղորդում է, որ այնտեղ եղել են ահաբեկիչներ, դրա պատճառով հարվածից նաև թուրքեր են զոհվել: Էրդողանը պատասխան հարված է հասցրել, հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որ տևել է վեց ժամ, և ՆԱՏՕ-ին խնդրել է խորհրդակցություն անցկացնել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է. «Թուրքական զինված ուժերը խփել են սիրիական կառավարական բանակին պատկանող 5 ռազմական ուղղաթիռ, 23 տանկ, 23 հրետանի, մեկական SA-17 և SA-22 ՀՕՊ համակարգ»:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիային: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրադադարի կոչ է արել: Թուրքիայի նախագահը, օգտվելով առիթից, իրագործել է վաղուց ծրագրած գաղափարը: Եվրոպա Թուրքիայի տարածքից սպասվում է սիրիացի ներգաղթյալների մեծ հոսք, որ մինչև հիմա կասեցվում էր ԵՄ-ի հետ պայմանավորվածության արդյունքում: ԵՄ-ն նույնպես կոչ է անում թուլացնել լարվածությունն Իդլիբում և զգուշացնում, որ պատրաստ է պաշտպանել սեփական անվտանգային շահը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է. «Ջաբաթ ալ Նուսրա» կազմակերպությանը պատկանող «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են լայնամասշտաբ հարձակում իրականացնել սիրիական կառավարական զորքերի վրա: Տուժած թուրք զինվորականների մասին լուրը ստանալուն պես ռուսական կողմը ձեռնարկել է հրադադարի քայլեր, ապահովել զոհերի և վիրավորների անվտանգ տեղափոխումը Թուրքիա»:
Գերատեսչությունը վստահեցնում է նաև, որ ՌԴ Օդատիեզերական ուժերն Իդլիբում չեն գործել:
Թուրքական ռազմական գերատեսչությունները սիրիացի զինվորականներին ճանաչել են որպես թշնամական թիրախ: