Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է CPM 2020 – Collection Premiere խորագրով քառօրյա ցուցահանդես, որին մասնակցում են ոլորտի առաջատար հայկական 15 ընկերություններ։
Ցուցահանդեսը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում տարվա ընթացքում կազմակերպվող ոլորտի առանցքային միջոցառումներից մեկն է, որին մասնակցող 30 երկրներից տարբեր ընկերություններ ավելի քան 1700 հավաքածուներ են ցուցադրում և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 22000 հազար մասնագիտացված այցելուներ։
Ցուցահանդեսին ՀՀ պատվիրակության մասնակցությունը համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը, նախանշելով ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքները, նշել է․ «Շատ ուրախ ենք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ արտադրանքով յուրահատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանի այս առանցքային շուկայում։ Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև կստեղծեն նոր կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։
Ցուցահանդեսի հայկական տաղավարում շրջայց է կատարել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։
Հայկական ընկերությունների մասնակցությանն օժանդակություն է ցուցաբերել նաև ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրն իր 5900BC հագուստի ապրանքանիշով։