Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ասկերանում մասնակցել է Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ Բեգլարյանն իր խոսքում նշել է, որ Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության հանդեպ իրականացված ցեղասպանության միայն մեկ դրվագն էր:
«Սումգայիթում հայությունը ենթարկվեց դաժան ջարդերի, որը ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր Արցախյան շարժմանը: Սումգայիթից հետո զանգվածային կոտորածների շղթան շարունակվեց Ադրբեջանի այլ բնակավայրերում և Արցախում: Մի քանի տարում հազարավոր հայեր սպանվեցին, հարյուրհազարավորները լքեցին իրենց տները և բազմաթիվ զրկանքներ կրեցին միայն էթնիկ պատկանելիության պատճառով: Առ այսօր իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, և Արցախի Հանրապետությունը շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Բոլորս հասկանում ենք, որ նույն վտանգը պահպանվում է տարածաշրջանում, ինչի վառ ապացույցը Ադրբեջանում տիրող հայատյացության պետական քաղաքականությունն է, իսկ նոր հանցագործությունների կանխման երաշխիքը՝ հայոց ամուր պետականությունն ու զինված ուժերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ն այնուհետև մասնակցել է Սումգայիթի հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին: